National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
20.12.2022
Խորհրդարանը քննարկել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը
1 / 7

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արման Թովմասյանի, Վահագն Թորոսյանի եւ Արգիշտի Ղազարյանի թեկնածությունները:

Հարցն ԱԺ դեկտեմբերի 20-ի արտահերթ նստաշրջանում քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 135-րդ հոդվածի սահմանած կարգով:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը ներկայացրել է Արման Թովմասյանի , Վահագն Թորոսյանի եւ Արգիշտի Ղազարյանի կենսագրական տվյալներն ու գործունեությունը:

Թեկնածու Արման Թովմասյանը ներկայացրել է Վճռաբեկ դատարանի գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ իր տեսլականը: Զեկուցողը կարեւորել է օրենսդրական փոփոխությունների արդյունքում Վճռաբեկ դատարանի վարչական պալատի ստեղծումը: Անդրադառնալով ոլորտի ինստիտուցիոնալ բնույթի խնդիրներին` Արման Թովմասյանը կարծիք է հայտնել, որ դրանց ճիշտ լուծումը թույլ կտա բարձրացնել վարչական արդարադատության համակարգի արդյունավետությունը մեր երկրում: «Մեր օրերում շրջանառվող առաջին ու հիմնական խնդիրը դատական համակարգում մասնագիտացված դատարանների գերծանրաբեռնվածությունն է, ինչն էլ որոշ դեպքերում վարչական դատարանի հասցեին հնչող հիմնական քննադատության պատճառն է. այն է` գործերի քննության ժամկետների տեւողությունը»,- ընդգծել է թեկնածուն եւ հավելել, որ նշված խնդրի լուծման ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր են առաջարկվում եւ ներկայումս իրականացվում` կապված դատավորների թվաքանակի ավելացման, գործերի քննության գրավոր ընթացակարգի ներդրման եւ այլնի հետ: Զեկուցողի կարծիքով վարչական արդարադատության ոլորտում դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրը պետք է նաեւ դիտարկել դրա առաջացումը պայմանավորող գործոնների վերհանմամբ, որոնց վերացման ուղղությամբ ճիշտ քայլերի ձեռնարկումը կարող է նպաստել խնդրի կարգավորմանը:

«Մեր երկրում տեղի ունեցող դինամիկ փոփոխությունները մեծ ազդեցություն ունեն հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա: Այս ամենից անմասն չի մնում նաեւ դատական իշխանությունը, որի բարեփոխմանն ուղղված միջոցառումները պահանջում են վերանայել դատարաններին ու արդարադատությանը վերաբերող բազմաթիվ մոտեցումներ ու դիրքորոշումներ»,- ընդգծել է հաջորդ թեկնածու Վահագն Թորոսյանը: Նրա խոսքով թեեւ այժմ վարչական արդարադատությունը որոշակիորեն կայացած համակարգ է, այնուամենայնիվ, ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք համարձակ եւ արմատական լուծումների կարիք ունեն: «Գաղտնիք չէ, որ դատարաններում, այդ թվում` վարչական մասնագիտացմամբ, առկա է գերծանրաբեռնվածության խնդիր, ինչն էլ իր հերթին հանգեցնում է գործերի քննության անհարկի ձգձգումների: Այս խնդիրը բազմակողմանի ուսումնասիրության եւ համակարգային լուծման կարիք ունի: Կարծում եմ, որ քննվող բողոքների եւ գործերի քանակի աճը միայն վարչական դատարանի նկատմամբ վերջին տարիներին ձեւավորված վստահության արդյունք չէ»,- նշել է թեկնածուն: Խոսելով վարչական մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման, ինչպես նաեւ օրինականության սկզբունքի արմատավորման մասին` Վահագն Թորոսյանը կարեւոր է համարել, որ վարչարարության իրականացման գործընթացում վարչական մարմինների կողմից պարտադիր կերպով հիմք ընդունվի վարչական գործերով Վճռաբեկ դատարանի դատական պրակտիկան:

Թեկնածու Արգիշտի Ղազարյանը նշել է, որ համաձայն է նախորդ թեկնածուների բարձրաձայնած մտահոգությունների հետ, որից հետո պատասխանել է պատգամավորների հարցերին:

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը համոզմունք է հայտնել, որ վարչական դատարաններում ոչ իրավաչափ որոշումների եւ ոչ հիմնավոր դատական ակտերի կայացման հիմնական պատճառը ժամանակի սղությունն է եւ գերծանրաբեռնվածությունը: «Այն ծանրաբեռնվածությամբ, որով հիմա աշխատում են դատարանները, ուղղակի անհնար է պատկերացնել բազմակողմանի ու անաչառ քննություն»,- ընդգծել է պատգամավորը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նա անդրադարձել է նիստին ընդդիմադիր գործընկերների չմասնակցելուն: Խմբակցության ղեկավարը կարեւորել է ԱԺ ամբիոնից թեկնածուների ոչ միայն մասնագիտական դիտարկումների ներկայացումը, այլեւ իրավունքի փիլիսոփայության վերաբերյալ անդրադարձը: «Այս ամբիոնը լավ հնարավորություն է նաեւ, որպեսզի դատական իշխանությունը հասարակության հետ երկխոսի»,- ընդգծել է պատգամավորը: Նրա խոսքով հանրության շրջանում կա դատական իշխանության հեղինակության հարց, եւ ԱԺ ամբիոնը, ըստ նրա, քաղաքացու հետ երկխոսելու լավագույն հնարավորությունն է: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am